Հասարակագիտություն

Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիր

Հոդված 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և
իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց
նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Հոդված 2
Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու
ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի,
քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի,
դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման:
Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի
քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ,
ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում:

Հոդված 3
Յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք
ունի:

Հոդված 4
Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և
ստրկավաճառությունը` իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:

Հոդված 5
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ
արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Հոդված 6
Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավասուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի:

Հոդված 7
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար
պաշպանության իրավունք ունեն: Բոլոր մարդիկ սույն Հռչակագրով հաստատված
հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու
հավասար իրավունք ունեն:

Հոդված 8
Յուրաքանչյուր ոք սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները
ոտնահարվելու դեպքում այդ իրավունքները իրավասու ազգային դատարանների միջոցով
արդյունավետ կերպով վերականգնելու իրավունք ունի:

Հոդված 9
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:

Հոդված 10
Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն
ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար
հավասարության հիման վրա իրավունք ունի պահանջելու, որ իր գործը հրապարակայնորեն
և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ քննվի անկախ և անկողմնակալ
դատարանի կողմից:

Հոդված 11
1.Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ
համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային
դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր
հնարավորությունները:
2. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ
անգործության համար, որը կատարելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային
իրավունքով հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև ծանր պատիժ տրվել, քան այն,
որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:

Հոդված 12
Ոչ ոք չպետք է իր անձնական ու ընտանեկան կյանքի, տան կամ նամակագրության
նկատմամբ կամայական միջամտության ենթարկվի, ոչ էլ որևէ ոտնձգության` պատվի ու
հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք նման միջամտությունից կամ ոտնձգությունից
օրենքով պաշտպանվելու իրավունք ունի:

Հոդված 13
1. Յուրաքանչյուր ոք ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և ցանկացած պետության
սահմաններում բնակավայր ընտրելու իրավունք ունի:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը, և
վերադառնալու իր երկիրը:

Հոդված 14
1. Յուրաքանչյուր ոք հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ
ապաստանից օգտվելու իրավունք ունի:
2. Այդ իրավունքը չի կարող կիրառվել այնպիսի ոչ քաղաքական հանցագործությունների կամ
արարքների համար հարուցված հետապնդումների դեպքում, որոնք հակասում են
Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

Հոդված 15
1. Յուրաքանչյուր ոք քաղաքացիության իրավունք ունի:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր
քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հոդված 16
1. Չափահաս տղամարդիկ և կանայք, առանց որևէ ցեղային, ազգային կամ կրոնական
սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Նրանք հավասար
իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության
ժամանակ:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող կողմերի լիարժեք ու ազատ
համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և հասարակության ու
պետության կողմից պաշտպանվելու իրավունք ունի:

Հոդված 17
1. Յուրաքանչյուր ոք սեփականություն ունենալու իրավունք ունի ` ինչպես միանձնյա, այնպես
էլ ուրիշների հետ համատեղ:
2. Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր սեփականությունից:

Հոդված 18
Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը
ներառում է իր դավանանքը կամ
Հռչակագրի հայերեն թարգմանությունը`
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության
երևանյան գրասենյակի
կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակավ կամ գաղտնի
քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի և ծիսակատարությունների
միջոցով արտահայտելու ազատություն:

Հոդված 19
Յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու
իրավունք ունի. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ
մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած
միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից:

Հոդված 20
1. Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի:
2. Ոչ ոք չի կարող հարկադրաբար անդամակցվել որևէ միության:

Հոդված 21
1. Յուրաքանչյուր ոք անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով
իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք ունի:
2. Յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար
հնարավորության իրավունք ունի:
3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր
արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անեղծ ընտրություններում, որոնք պետք է
անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի
կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:

Հոդված 22
Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, սոցիալական ապահովության իրավունք
ունի և ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր
պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան, օգտվում է իր
արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական,
սոցիալական ու մշակութային իրավունքներից:

Հոդված 23
1. Յուրաքանչյուր ոք աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու
նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու
իրավունք ունի:
2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց
հավասար վարձատրության իրավունք ունի:
3. Յուրաքանչյուր աշխատող իր և իր ընտանիքի մարդավայել գոյությունն ապահովող արդար
ու գոհացուցիչ վարձատրության իրավունք ունի, որն անրաժեշտության դեպքում պետք է
լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
4. Յուրաքանչյուր ոք արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու
համար արհեստակցական միություններին անդամակցելու իրավունք ունի:

Հոդված 24
Յուրաքանչյուր ոք հանգստի ու ժամանցի, այդ թվում` աշխատանքային ժամերի խելամիտ
սահմանափակման և պարբերաբար վճարովի արձակուրդների իրավունք ունի:

Հոդված 25
1. Յուրաքանչյուր ոք այնպիսի կենսամակարդակի իրավունք ունի, որը պատշաճ է իր և իր
ընտանիքի առողջության ու բարեկեցության համար, ներառյալ սնունդը, հագուստը
բնակարանը, առողջապահությունը և անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես
նաև ունի ապահովության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության,
Հռչակագրի հայերեն թարգմանությունը`
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության
երևանյան գրասենյակի
այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ գոյության այլ միջոցների անհրաժեշտության
դեպքում:
2. Մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն:
Ամուսնությունից կամ արտամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն
միևնույն սոցիալական պաշտպանությունից:

Հոդված 26
1. Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և
հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է
պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի
լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան,
հավասարապես մատչելի բոլորի համար:
2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու
իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն
պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը,
հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի
կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը:
3. Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք
ունեն:

Հոդված 27
1. Յուրաքանչյուր ոք հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու,
արվեստներից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա
բարիքներից օգտվելու իրավունք ունի:
2. Յուրաքանչյուր ոք իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական
աշխատանքի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք ունի:

Հոդված 28
Յուրաքանչյուր ոք սոցիալական ու միջազգային այնպիսի կարգուկանոնի իրավունք ունի, որի
առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները լիովին
իրագործելի են:

Հոդված 29
1. Յուրաքանչյուր ոք համայնքի առաջ պարտականություններ ունի, որտեղ և հնարավոր է
նրա անհատականության ազատ ու լիարժեք զարգացումը:
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է
ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են
բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու
հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության
արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը
բարելավելու նպատակով:
3. Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի
Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

Հոդված 30
Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի
կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ
կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում
շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s