Հասարակագիտություն

ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա. 6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Էմպեդոկլեսը հայտնի էր որպես պոետ, հռետոր, բժիշկ և փիլիսոփա։ Նրա գրչին են պատկանում «Բնության մասին» փիլիսոփայական և «Մաքրագործում» կրոնամիստիկական բնույթի պոեմները։ էմպեդոկլեսի փիփսոփայության մեջ նկատելի է ինչպես հոնիական փիլիսոփաների, այնպես էլ «իտալիական» մտածողների, հատկապես Պյութագորասի և Պարմենիդեսի, ուսմունքների ազդեցությունր։ Ըստ երևույթին նա եղել է պյութագորական միության անդամ, թեև աշակերտել է Պարմենիդեսին։ Պատահական չէ, որ նա ցանկանում է Պարմենիդեսին հաշտեցնել Պյութագորասի հետ՝ պնդելով, թե գոյը և միասնական է և բազում։ Միայն մեկ նախահիմքից չի կարելի բխեցնել բազմազանության գոյությունը, դա բացատրելու համար անհրաժեշտ է ընդունել բազում հիմքեր։ էմպեդոկլեսի կարծիքով բոլոր իրերի հիմքում ընկած են չորս տարրերը կամ «արմատները»՝ հողը, ջուրը, օդը, կրակը։ Դրանք հավերժական են, անփոփոխ, չեն առաջանում և չեն ոչնչանում, այսինքն՝ նման են աստվածների։ Կրակը Զևսն է, հողը՝ Հերան, օդը՝ Աիդոնեսը, ջուրը՝ Նեստիսը։ Ինչպես Պարմենիդեսի միասնականը, այնպես էլ էմպեդոկլեսի չորս տարրերը ճշմարիտ կեցություն են, հետևաբար չեն կարող վերածվել ոչ կեցության։ Քանի որ չորս տարրերն անշարժ են, ուստի շարժումը բացատրելու համար էմպեդոկլեսն ընդունում է երկու տիեզերական ուժերի՝ Սիրո և Ատելության գոյությունը, որոնց փոխազդեցության շնորհիվ էլ առաջանում և ոչնչանում են բոլոր իրերը։ Ավելի ստույգ, ըստ էմպեդոկլեսի տիեզերքում տեղի են ունենում ոչ թե առաջացման և ոչնչացման, այլ միացման և քայքայման գործընթացներ։  Սերը և Ատելությունը փոխնեփոխ հաջորդում են իրար, որի հետևանքով գոյանում է տիեզերածնության չորս փուլերը։ Սկզբում գերիշխում էր Սերը, որի ժամանակ ամեն ինչը միասնական վիճակով գտնվում էր Սֆերոսի (գնդի) անշարժ հանգստության մեջ։ Աստիճանաբար այդ միասնական ձուլվածքի մեջ է թափանցում Ատելությունը, որի պատճառով առանձնանում են ոչ թե իրերը, այլ չորս տարրերը։ Դրանք իրար միանում են Սիրո շնորհիվ՝ ծնունդ տալով բազմաթիվ իրերի։ Քանի դեռ Սերը և Ատելությունը գտնվում են հավասարակշռության մեջ, իրերր շարունակում են գոյություն ունենալ, բայց երբ Ատելությունը դառնում է գերիշխող, ամեն ինչ քայքայվում է և վերադառնում «ի շրջանս յուր»։ Դա տեղի է ունենում պարբերաբար։

Оставьте комментарий